Մեզ մեղադրում են մի բանում, որում մենք մեղավոր չենք՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ մեղադրում են, որ մենք վաճառել ենք, հանձնել ենք, դա խորքում նշանակում է, որ մենք ջանքեր չենք գործադրել, որ պահպանենք ՀՀ կամ ԼՂ իրավունքը, և այդպես շարունակ: Այդ համատեքստում էր մեղադրանքը, եթե օբյեկտիվության հետ սահմանակցող մեղադրանք լինի, այն պետք է ուրիշ բանում լինի, որ մենք ժողովրդի հետ չենք խոսել ԼՂ հարցում մեր պատկերացումների, նկատի ունեմ` հայկական պատկերացումների և ցանկությունների իրականացման անհնարինության համար: Մեզ մեղադրում են մի բանում, որում մեղավոր չենք, մեզ չեն մեղադրում նրանում, որում ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի` ինչո՞ւ, քանի որ այս դեպքում մեղադրանքն ավելի կլղոզվի, պարզ կդառնա, որ այդտեղ մեղադրանքը անձնավորելը, հասցեականացնելը շատ ավելի բարդ է»,- ասաց նա:
Դիտարկմանը` այսինքն` եկել են իշխանության, հասկացել` այն, ինչ պատկերացրել են, և այն իրականությունը, որ կա, առնչություն չունեն, և այդ մասին չե՞ն բարձրաձայնել, վարչապետն արձագանքեց.
«Կարևոր է արձանագրել, որ դա մի օրում տեղի ունեցած իրադարձություն չէ, մենք կարող ենք դրա մասին խոսել 10 րոպեում, կես ժամում կամ մեկ ժամում, բայց այդ արձանագրումն անելը որոշակի գործընթաց է, պետք է արձանագրել, որ այն քաղաքական է, գիտակցական, ենթագիտակցական, էմոցիոնալ, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային և այդպես շարունակ, այնպես չէ, որ եկանք, նայեցինք և արձանագրումն արեցինք»:
Ինչո՞ւ այդ մասին չի ասվել. այս հարցին անդրադառնալով` վարչապետը նշեց.
«Շատ պարզ պատճառով, քանի որ նաև կառավարության, իշխանության, որևէ քաղաքական ուժի համար` ասելու համար` սա, սա չլինող է, պետք է անել նաև առաջարկ, ու դրա անհնարինությունն է, որ մեզ դրել է իրավիճակի առաջ, ընդ որում` դա միայն այն մասին չէ, որ արդյունքում նեգատիվ պրոցեսներ կսկսեն ՀՀ-ի համար: Եթե ելնենք իմաստուն քաղաքական գործչի տրամաբանությունից` 2019-ին իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը պետք է լիներ դա` 7 տարածքները վերադարձնել, ընթացիկ կարգավիճակը զրոյացնել` ինչու և ինչպես` հետագայում կասեմ, ԼՂ-ում պետք է հաստատվի հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, ԼՂ կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան, մինչև ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն, ու գալու էր հինգերորդ հարցը` լավ, էս ամեն ինչից հետո ի՞նչ է լինելու, Սև լճի, Սոթք-Խոզնավարի իրադարձությունները լինելո՞ւ են, թե՝ չէ»:
Փաշինյանը նշեց` ցանկանում է` մենք պրոբլեմի խորությունն այս աստիճանի ընկալենք, նաև առերեսվենք 30 տարի հայկական խոսույթը փլուզելու անհրաժեշտությանը` այդպես էլ չունենալով հարցի պատասխանը` լավ, այն ինչ տեղի ունեցավ, այդպես էր, քանի որ կառավարությունը և իշխանությունը կանխավարկածով փլուզեց հայկական խոսույթը, քայլեր չձեռնարկե՞ց` պաշտպանելու էն տեսլականը, որ գոյություն ունի, թե՞ այդպես ստացվեց, որովհետև պիտի ստացվեր: