Ադրբեջանը հաստատակամ է շարունակելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Այդ մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Ադրբեջանի լիակատար վճռականությունը՝ շարունակելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը: Հաշվի առնելով վերջին շրջանում ստացված դրական ազդակները՝ մենք չափազանց կարևոր ենք համարում այս ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը: Ստեղծված պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը մեզ թույլ կտա հասնել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, որը բոլոր մարդկանց խաղաղ ու անվտանգ համակեցության հույս կներշնչի»,- ընդգծել է նա։