Եվրամիությունը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը: Այդ մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։
«Խորհուրդն այսօր ընդունել է տնտեսական և անհատական սահմանափակող միջոցների 12-րդ փաթեթը՝ հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիվ պատերազմը»,- ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ նոր միջոցներն ուղղված են «Ռուսաստանի տնտեսության բարձրարժեք ոլորտներին և դժվարացնում են ԵՄ պատժամիջոցների շրջանցումը»:
Պատժամիջոցների նոր փաթեթով ԵՄ-ն Ռուսաստանի դեմ արտահանման նոր սահմանափակումներ է մտցնում երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների վրա: Արգելք է դնում Ռուսաստանից ալմաստի ուղղակի կամ անուղղակի ներմուծման, գնման կամ փոխանցման վրա։ Ռուսաստանի քաղաքացիներին արգելվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կրիպտոարժույթների հետ կապված եվրոպական ընկերություններում, սև ցուցակում ներառվել են 29 ընկերություն և մի քանի ֆիզիկական անձ: