Դեկտեմբերի 18-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մասնակցում էին ՓԾ տնօրենի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և ՓԾ տարածքային ստորաբաժանումների բնակչության պաշտպանության բաժինների ծառայողները։
«Զեկույցներով հանդես եկան ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության, մարզային փրկարարական վարչությունների և Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բաժինների պետերը։
Փրկարար ծառայության տնօրենին զեկուցվեց բնակչության պաշտպանության ոլորտում իրականացվող ընթացիկ աշխատանքների, բաժինների համալրվածության, անձնակազմի ընդհանուր պատրաստվածության, բնակչության պաշտպանության պլանների և ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ։
Խորհրդակցության ընթացքում տնօրենն անդրադարձավ արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների մշակման և անցկացման, աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ այլ գերատեսչությունների հետ աշխատանքների կազմակերպման և համակարգման գործընթացներին։
Փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետին հանձնարարեց ուղղահայաց վերահսկողություն իրականացնել ստորաբաժանումների աշխատանքի վրա՝ հետևելով տակտիկական պատրաստվածությանը, ինչպես նաև պլանների և ծրագրերի պատշաճ իրականացմանը։ Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց տարերային և տեխնածին աղետներին ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը՝ հանձնարարելով խստագույնս հսկողություն սահմանել արտադրական վտանգավոր օբյեկտների վրա, քարտեզագրել քարաթափման գոտիներն ըստ տեղայնացման և հսկողություն սահմանել սողանքավտանգ տարածքների վրա։
Կամո Ցուցուլյանը հանձնարարեց պատասխանատու ծառայողներին նախաձեռնողականություն ցուցաբերել առկա խնդիրների վաղ բացահայտման, լուծումների մշակման և բնակչության պաշտպանվածության բարձրացման ուղղությամբ, առաջարկեց առաջնային կարգով ընթացք տալ առավել հրատապ խնդիրներին՝ ելնելով բնակչության պաշտպանության բնագավառի առաջնահերթություններից»,- ասված է հաղորդագրությունում։