ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի որոշմամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում:
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 4-ի եզրափակչին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» և «Պալմա ֆուտզալը», ինչպես նաև պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:
Բոլոր հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: