Եգիպտոսի ներկայիս նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին վերընտրվել է ևս մեկ ժամկետով։
Երկրի Ազգային ընտրական հանձնաժողովը Կահիրեում ներկայացրել է նախագահի ընտրության պաշտոնական արդյունքը: Աս-Սիսիի թեկնածության օգտին քվեարկել է ընտրողների 89,6 տոկոսը՝ 39.702.451 քաղաքացի։ Նախագահի մյուս երեք թեկնածուները ստացել են ընտրություններին մասնակցած եգիպտոսցիների ձայների 1,9-4,5 տոկոսը։
Եգիպտոսում նախագահի ընտրությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-12-ը։ Եգիպտոսի օրենսդրության համաձայն՝ պետության ղեկավարն ընտրվում է վեց տարի ժամկետով։
Եգիպտոսի նախորդ նախագահական ընտրությունում՝ 2018 թվականին, աս-Սիսին ստացել էր քվեների ավելի քան 97%-ը։