ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Արցախի պողոտայի 23/10 շենքի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնել, որ շենքի նկուղում շահագործվող «Նիկոլ Դուման» ձուլարանի գործունեությունն էկոլոգիական լուրջ վտանգ է ներկայացնում: Ըստ հրապարակումների՝ ձուլարանի շահագործման արդյունքում շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր են արտադրվում, որի հետևանքով բնակիչների առողջությանը լուրջ վնաս է հասցվում:
 
Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։
 
 
Պարզաբանումներ ստանալու նպատակով համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
 
«Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է՝ առողջության պահպանման իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից է։
 
Ավելին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի հիմունքներից է շրջակա միջավայրի պահպանությունը։
 
Ուստի պետությունը պետք է ունենա և գործադրի քննարկվող արժեքների ապահովման պատշաճ կառուցակարգեր»,- ասված է հաղորդագրության մեջ: