Եվրամիության անդամ չհանդիսացող 11 պետություն, այդ թվում ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, միացել են այսպես կոչված Մագնիտսկու եվրոպական ցուցակը հերթական՝ մեկ տարով երկարաձգելու մասին ԵՄ Խորհրդի որոշմանը, որոնք Բրյուսելը սահմանել է «մարդու իրավունքների լուրջ խախտումների» մեղադրանքով: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
Այս ռեժիմի շրջանակներում ԵՄ մուտքի արգելք և ԵՄ երկրների տարածքում ֆինանսական ակտիվների սառեցում է մտցվել Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների, անվտանգության ուժերի ու ընկերությունների նկատմամբ։
«Դեկտեմբերի 4-ին ԵՄ խորհուրդը երկարաձգեց գործող արգելքի միջոցառումները ևս 12 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը, և հստակեցրեց սահմանափակումների ենթակա անձանց ու կազմակերպությունների ցանկը։ ԵՄ խորհրդի այս որոշմանը միացել են թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան: Փաստաթղթին միացել են նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- հայտարարել է Բորելը։
Այս հայտարարությանը զուգահեռ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է ևս երկուսը` գրեթե նույն տեքստով` ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման և Մերձդնեստրի ղեկավարության դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումներին ԵՄ անդամ չհանդիսացող երկրների միանալու մասին: ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներին միացել են նույն երկրները, բացի Հայաստանից և Ադրբեջանից, գումարած Սերբիան և Վրաստանը: Մերձդնեստրի դեմ պատժամիջոցներին չեն միացել Ադրբեջանը, Հայաստանը, Իսլանդիան, Սերբիան։