Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և առողջ ապրելակերպը բնակիչների շրջանում խթանելու նպատակով շաբաթ և կիրակի օրերին կիրճով ավտոմեքենաների երթևեկությունը կարգելվի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
«Երթևեկությունը կարգելվի շաբաթ և կիրակի օրերին 06:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում: Ներկա պահին բոլոր ճանապարհային նշանները վերականգնված են և ամբողջությամբ կահավորված»,- ասաց նա:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Բայց նաև պետք է պատշաճ վերահսկողություն լինի, թե չէ չի աշխատի»:
Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց՝ Ճանապարհային ոստիկանության հետ քննարկվել է հարցը, այժմ նաև պետք է Պարեկային ծառայությանը խնդրել, որպեսզի վերջիններս հետևողական լինեն: