Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային կապերը փորձության են ենթարկվում, Մոսկվայում «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում» ֆորումի մասնակիցներին ուղղված ելույթում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը: Սերգեյ Լավրովի ուղերձն ընթերցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: Լավրովը նշել է, թե իբր Արևմուտքը փորձում է սեպ խրել երկու եղբայրական պետությունների հարաբերություններում: Նա համոզմունք է հայտնել, որ «քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ կմշակվեն և փոխադարձ օգտակար շփումներ կձևավորվեն»։
Գալուզինն ավելի ուշ հայտարարել է՝ «Մոսկվայի և Երևանի հարաբերություններում ժամանակավոր դժվարությունները ոչ միայն հաղթահարելի են, այլև արդյունքում տարատեսակ ոլորտներում երկու երկրների կապերն ավելի կամրապնդեն», շեշտել՝ մեր երկրներին կապում են դարավոր պատմությունը, տնտեսական, հումանիտար և մշակութային շփումները։
«Մեր ժողովուրդները հանդես են գալիս այդ կապերի ամրապնդման, զարգացման, ընդլայնման, խորացման օգտին: Դրա մեջ է մեր հարաբերությունների գլխավոր ուժը, մնացած ամեն ինչ հնարավոր է հաղթահարել»,- համոզմունք է հայտնել փոխարտգործնախարարը:
Գալուզինն անդրադարձել է նաև տարածաշրջանային «3+3» հարթակին, նշել՝ դրա դռները դեռ բաց են Վրաստանի համար, որն, ի դեպ, հրաժարվում է մասնակցել ձևաչափին Ռուսաստանի ներգրավվածության պատճառով:
«Ոչ ոք ավելի լավ չի լուծի Հարավային Կովկասի խնդիրները, քան հենց տարածաշրջանի երկրները: Այլ խաղացողներ ներգրավելու բոլոր փորձերը լավագույն դեպքում ավարտվում են ոչնչով, իսկ վատագույն դեպքում՝ լուրջ գլոբալ աղետով»,- եզրափակել է Գալուզինը։
Տարածաշրջանային նորությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում: