Առավոտյան Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների ինքնազգացողությունը վատացել է։ Երեխաները սկսել են հազալ, որոշները շնչահեղձ լինել։ Որևէ հոտ չեն զգացել, փորձել են օդափոխել տարածքը, բայց ապարդյուն: Դպրոցի տնօրենի խոսքով՝ 10-րդ դասարանի աշակերտներից մեկը գազային սրվակ է բերել դպրոց, փչել է միջանցքում, ինչից հետո էլ աշակերտների ինքնազգացողությունը վատացել է։ Նրանք արագ տարհանվել են, մի քանիսին տարել են համայնքի բուժամբուլատորիա, 8-ին տեղափոխել Էջմիածնի հիվանդանոց, մեկին՝ Երևան՝ «Մուրացան» բուժկենտրոն։ Հիվանդանոց տեղափոխված երեխաները անհրաժեշտ բուժօգնությունից հետո դուրս են գրվել։ Դեպքի մանրամասները պարզում են ոստիկանության Վաղարշապատի բաժնում։