Չինաստանի արտգործնախարար Վան Ին եռակողմ հանձնաժողովի առաջին նիստում Սաուդյան Արաբիային և Իրանին առաջարկել է աջակցել Գազայի հատվածում հրադադարի պահպանմանը և արագացնել հակամարտության կարգավորման ճանապարհային քարտեզի կազմումը՝ հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։
Նախարարը հստակեցրել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման նախագիծը պետք է համապատասխանի Պաղեստինի ժողովրդի ձգտումներին և հաշվի առնի տարածաշրջանի երկրների հիմնավորված մտահոգությունը: Նրա խոսքով՝ այդ խնդիրը չի կարելի լուծել՝ հեռանալով «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» սկզբունքից:
«Չինաստանը պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի և Իրանի, արաբական և մուսուլմանական երկրների հետ, որպեսզի սեղմ ժամկետներում ձևակերպի ժամանակացույցը և ճանապարհային քարտեզ ստեղծի նշված սկզբունքին համապատասխան»,- ընդգծել է Վան Ին: