Դեկտեմբերի 15-ին ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց երդման արարողությունը։ Այս մասին տեղեկացրին ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից:
Արարողության ժամանակ ՀՀ քաղաքացիները երդվել են հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը, պարտավորվել են հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները։
Դեսպան Վարուժան Ներսեսյանը շնորհավորելով արարողության մասնակիցներին՝ ընդգծել է ՀՀ քաղաքացիությունն արժանապատվորեն կրելու կարևորությունը, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք։