ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը:
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Հայաստանի և Չինաստանի միջև պատմական բարեկամությունը և պետությունների միջև ջերմ հարաբերությունները վերընթաց զարգանում են և բազմակողմանի բնույթ ունեն»,- ասել է Հակոբ Արշակյանը` ողջունելով հյուրերին խորհրդարանում:
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության մակարդակը` նշելով, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրում: Ըստ Ֆան Յոնի` պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը:
ԱԺ փոխնախագահը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը` ընդգծելով, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը:
Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի կարևորել է բարեկամական խմբերի աշխատանքը:
Կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվել է հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:
ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` նշելով, որ այն ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի երկրների, միջազգային գործընկերների համար կարևոր, արդյունավետ ծրագիր է:
Դեսպանն արձագանքելով` նշել է, որ կարող է դիտարկվել նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի շրջանակում փոխգործակցության հնարավորությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Խաչատրյանը և Թագուհի Ղազարյանը:
Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, գրադարանում, ծանոթացել խորհրդարանի թանգարանի ցուցանմուշներին: