ԱՄՆ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Ջո Բայդենը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցը, մասնավորապես՝ դաշինքին Շվեդիայի շուտափույթ անդամակցության և Թուրքիա-ՆԱՏՕ գործակցության ընդլայնման կարևորությունը:
Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, բացի Թուրքիայից և Հունգարիայից, արդեն վավերացրել են Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության արձանագրությունները: Վավերացման դիմաց Անկարան Վաշինգտոնից պահանջում է ամերիկյան F-16 կործանիչներ: Այդ հարցը ևս եղել է նախագահների օրակարգում:
Հեռախոսազրույցի ընթացքում Ջո Բայդենը ողջունել է Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին կառուցողական քայլերը։ Անդրադարձ է եղել Գազայի հատվածում զարգացումներին: Սպիտակ տան ղեկավարը վերահաստատել է աջակցությունը Իսրայելի՝ ինքնապաշտպանվելու իրավունքին: Նախագահները կողմ են արտահայտվել Գազայի հատված հումանիտար օգնության ավելացմանը, խաղաղ բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ընդգծել «Պաղեստինի ժողովրդի համար քաղաքական հորիզոններ սահմանելու կարևորությունը»:
Թուրքական կողմի հայտարարության համաձայն՝ Էրդողանը Բայդենին ասել է, որ Գազայի հատվածում հնարավոր կլինի հրադադար հաստատել, եթե Վաշինգտոնը դադարեցնի Իսրայելին անվերապահ աջակցությունը: Նա նշել է, որ հակամարտությունը բացասական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա:
Մանրամասները՝ ռեպորտաժում: