«3+3» ձևաչափի դռները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նախկինի պես բաց են Վրաստանի համար: Եթե հանրապետությունը պատրաստ լինի մասնակցել, ձևաչափի անդամները կաջակցեն դրան: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Բարձրաստիճան դիվանագետն այդ կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը «շարունակում է ակտիվ աշխատել այդ ձևաչափով»:
«Պատմության փաստերը, մեր այսօրվա իրականության փաստերը ցույց են տալիս, որ տարածաշրջանային երկրներից լավ ոչ ոք չի կարող լուծել տարածաշրջանային խնդիրները: Այդ գործում արտատարածաշրջանային ներկայացուցիչներին ներգրավելու բոլոր փորձերը, որպես կանոն, ավարտվում են լավագույն դեպքում ոչնչով, իսկ վատագույն դեպքում՝ գլոբալ չափերի լուրջ աղետով»,- եզրափակել է Գալուզինը։
Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել էր, որ հանրապետությունը չի ծրագրում մասնակցել Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» բանակցային ձևաչափին: