Ֆինլանդիայում ամերիկյան ռազմական զորակազմի հնարավոր տեղակայումը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար և կհանգեցնի լարվածության երկու հարևան երկրների միջև, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել այս առումով, քանի որ իսկապես հիանալի հարաբերություններ ունեինք Ֆինլանդիայի հետ», - ասել է նա ու հավելել. «Եվ, իհարկե, հիմա, երբ Ֆինլանդիան դարձել է ՆԱՏՕ-ի անդամ, և Ֆինլանդիայում կհիմնվի ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը, միանգամայն ակնհայտ է, որ դա մեզ համար սպառնալիք է լինելու»:
Դեկտեմբերի 14-ին Ֆինլանդիայի կառավարությունը հավանություն տվեց ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրին, որը կստորագրվի դեկտեմբերի 18-ին, որից հետո կվավերացվի։ Ֆինլանդիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Անտի Հյաքյանենը և Էլինա Վալտոնենը պարզաբանել են, որ համաձայնագիրը կհեշտացնի համատեղ զորավարժությունները, զորքերի և տեխնիկայի տեղափոխումը, ինչպես նաև սահմանում է այն տարածքների ցանկը, որտեղ ամերիկացի զինվորները կարող են գործել, և որտեղ Միացյալ Նահանգները կարող է զենք ու այլ զինտեխնիկա պահել կամ տեղափոխել։