Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր հանդիպում է ունեցել օրերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս երեք տարիների ընթացքում ամեն հնարավոր բան արվել է գերիների վերադարձի համար:
«Չնայած պարզ է, որ բոլորս էլ անհամբեր էինք օր առաջ տեսնել նրանց վերադարձը, բայց շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար, որովհետև դա շատ կարևոր էր: Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում ձեր համբերատարությունը»,-ասել է վարչապետը և հավելել, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի:
Գերիների հարազատները շնորհակալական խոսքեր են հղել վարչապետին և կառավարությանը` գործադրած ջանքերի համար:
Հանդիպմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Գյումրիում հանդիպեցի օրերս գերությունից վերադարձած շիրակցիների հարազատների հետ: Այս ընթացքում հնարավոր ամեն ինչ արվել է գերիների վերադարձի համար: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին համբերատարության համար: Այժմ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեր եղբայրները վերադառնան բնականոն կյանքի»,- գրել է նա: