Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ոլորտային, այդ թվում՝ էներգետիկ և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:
Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ խաղաղության օրակարգի և ակնկալվող տնտեսական առավելությունների համատեքստում: