Եվրահանձնաժողովը չորեքշաբթի թույլ է տվել Հունգարիային 10 միլիարդ եվրո տրամադրել՝ գրեթե մեկ տարի անց այն բանից հետո, երբ այդ գումարները սառեցվեցին՝ Բուդապեշտի կողմից իրավունքի գերակայությունը չպահպանելու պատճառով։
Սա նշանակում է, որ Հունգարիայի կառավարությունը կարող է մինչև 10,2 միլիարդ եվրոյի փոխհատուցման հայցեր ներկայացնել ամբողջ երկրի զարգացման ծրագրերը ֆինանսավորելու համար:
«Մենք բավարար երաշխիքներ ենք ստացել, որ Հունգարիայում կամրապնդվի դատական համակարգի անկախությունը»,- ասել է արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։
Վարչապետ Վիկտոր Օրբանը սպառնացել է խափանել Ուկրաինային աջակցության միջոցառումները՝ թույլ չտալով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել, արգելափակել 50 մլրդ եվրոյի չափով հատուկ հիմնադրամը՝ պատերազմի հետևանքով ավերված երկրի բյուջեն համալրելու համար, և դադարեցնել Կիևին ռազմական օգնության հետագա տրամադրումը:
Այդ երեք կարևորագույն հարցերը քննարկվելու են այս շաբաթ Եվրամիության երկօրյա գագաթնաժողովի ընթացքում: Դրանց լուծման համար անհրաժեշտ է անդամ երկրների միասնական համաձայնությունը։