«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ունի ենթակառուցվածքներ, որոնք արդեն իսկ մշակվել և իրականացման փուլում են, օրինակ՝ Հյուսիս-հարավ ճանապարհը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ընդգծել, իսկ որոշ ծրագրեր լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն՝ դրանց արժեքը հասկանալու համար:
Գրիգորյանը հիշեցրել է, որ, օրինակ՝ 1 տարի առաջ ստացված փորձագիտական կարծիքի համաձայն՝ Հորադիզ-Երասխ երկաթուղու ինդիկատիվ արժեքը կազմելու է շուրջ 230 մլն դոլար։ Փոխվարչապետը մանրամասներ է հայտնել նաև երեկ Կառավարության հաստատած՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նիստերի կազմակերպման և անցկացման աշխատակարգից։
«Մենք ճիշտ համարեցինք կանոնակարգել այդ ընթացքը, մասնավորապես՝ ե՛րբ ենք հանդիպում, որտե՛ղ, ի՛նչ լեզվով ենք խոսում, անգլերեն կամ ռուսերեն ենք խոսելու: Հաջորդ հանդիպման վերաբերյալ դեռ ժամկետներ չկան, իսկ ընդհանուր գործընթացը բավականին երկար կտևի, ես մի քանի անգամ ասել եմ՝ բարդ գործընթաց է:
Որպես մեկնարկային քարտեզ, բազմիցս հայտարարվել է, որ ընդունում ենք 75-90 թթ. ամենաթարմ քարտեզները: Ես ուզում եմ հստակեցնեմ և կրկնեմ՝ մենք աշխատելու ենք բացառապես պրոֆեսիոնալ քարտեզներով և փաստաթղթերով, որոնք ունեն իրավական նշանակություն:
Հանձնաժողովների հանդիպումների ընթացքում կողմերը ներկայացնում է քարտեզ, իրավական փաստաթղթեր, որոնք նկարագրություն կամ կարգավորում ունեն սահմանին, և սկսվում է քննարկում, մտքերի փոխանակում: Դա չի կարող արվի մեկ սահմանի հետ կապված, դա արվում է հատված-հատված:
Հանդիպումների համար ինտերվալներ չկան նշանակված: Ամեն փուլում մինչև հաջորդ փուլ աշխատանքները տարբեր են լինելու, և ստանդարտ ժամկետներ պայմանավորվելու իմաստ չունի, հաջորդ անգամ, կարծում եմ, կանոնակարգն ենք քննարկելու, որը բարդ նախագիծ է լինելու և ավելի երկար ժամանակ կպահանջի, և դա կախված է ամեն հանդիպման մոտեցումներից»,- նշել է փոխվարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: