Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Նուբարյան վարժարան: Վարժարանի տնօրեն Խավիեր Փոլադյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել ընդհանուր պայմաններին և կրթության կազմակերպման սկզբունքներին:
Խավիրեր Փոլադյանը և Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչության լեզուների քաղաքականության բաժնի տնօրեն Ալդո Ռոդրիգեսը նախագահին են ներկայացրել օտարերկրացիների համար հայերենի ուսուցման նպատակով կազմված ձեռնարկը, որը, համաձայն նախաձեռնության հեղինակի՝ իր տեսակի մեջ առաջինն է: Ըստ Ալդո Ռոդրիգեսի՝ նման ձեռնարկների ստեղծումը մեծ նախագծի մի մասն է կազմում, քանի որ խնդիր է դրված աշակերտների համար ստեղծել մատչելի ու հետաքրքիր ձեռնարկներ՝ բարձրացնով նրանց ուսումնառության մակարդակը։
Նա ընդգծել է, որ նման ծավալուն աշխատանքն իրենք միայնակ չեն կատարում, և Ուրուգվայի կրթության նախարարությունը ծրագիրն իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, ինչպես նաև քայլեր են արված Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ուղղությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում հայ-ուրուգվայական համագործակցության առկա մեծ ներուժին և կարևորվել են փոխգործակցության խթանմանն ուղղված հետևողական քայլերը: Քննարկվել են նաև Ուրուգվայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորության վերաբերյալ հարցեր:
Նուբարյան վարժարանից հետո նախագահն այցելել է Մոնտեվիդեոյի «Հայաստան» հանրակրթական դպրոց, որտեղ նախագահին դիմավորել է տնօրեն Մարիանա Գոնսալեզը: Հանրապետության նախագահը տնօրենի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ապա ներկա է եղել ի պատիվ հայկական պատվիրակության այցելության աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հայ-ուրուգվայական մշակութային շեշտադրումներով միջոցառմանը:
Միջոցառման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցչական անձնակազմին ու աշակերտներին ջերմ ընդունելության և գեղեցիկ ներկայացման համար, ապա գրառում է կատարել դպրոցի պատվո հյուրերի մատյանում: