Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սբ Ներսես Շնորհալի եկեղեցի և հանդիպել Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի հետ:
Թեմի առաջնորդը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար:
«Տիա՛ր նախագահ Խաչատուրյան, այսօր Մոնտեվիդիոյի մեր հայկական համայնքը ուրախ է ողջունել Ձեզ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու կամարներին ներքո, մենք իսկապես ուրախ ենք, որ դուք մեզ պատվեցիք այցելությամբ»,- նշել է սրբազանը:
Հանրապետության նախագահը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար, նշել է.
«Եկեղեցու դերն անուրանալի է Սփյուռքում, սա մենք բոլորս գիտենք, և բոլորս էլ այդ հանգամանքը հաշվի առնելով մեծ գնահատանքի ենք արժանացնում եկեղեցու աշխատանքն ու պատմական դերակատարությունը: Վստահ եմ, որ շարունակելու եք այն պատվաբեր գործը, որն իրականացրել եք քառասուն տարիների ընթացքում, և դրա արդյունքում է, որ Ուրուգվայում համայնքը կա, և այն բարձր գնահատանքի է արժանանում նաև Ուրուգվայի իշխանությունների կողմից»: