Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է ուսումնասիրություն ՀՀ քրեադատավարական համակարգում ատելության հրահրման և բռնության կոչերի դեպքերի քննության վերաբերյալ։
Այն իրականացվել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության հետ համատեղ՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության օժանդակությամբ իրականացված «Ատելության խոսքի դեմ պայքար հանուն ժողովրդավարական հասարակության բազմակարծության և հանդուրժողականության հաստատման» ծրագրի շրջանակներում։ Ուսումնասիրությունը կատարվել է փորձագետի կողմից։
Վերլուծվել է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ատելության հրահրման և բռնության կոչերի քննության ներպետական պրակտիկան, վեր են հանվել առկա խնդիրները և ներկայացվել են դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։
Ուսումնասիրված 19 քրեական վարույթից 17-ը վերաբերել են տուժողի «քաղաքական կամ այլ հայացքներով» կամ «հանրային գործունեությամբ» պայմանավորված բռնության կոչ կատարելու, բռնություն քարոզելու կամ արդարացնելու ենթադրյալ դեպքերին։ Մյուս երկու քրեական վարույթով անձինք մեղադրվել են մի դեպքում ազգային, մյուս դեպքում՝ ազգային և կրոնական թշնամանք հարուցելու համար։
Միջազգային չափանիշների, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծության արդյունքներով վեր են հանվել այն հիմնական հանգամանքները, որոնք իրավապահ մարմինների և դատարանների կողմից պետք է ուշադրության արժանանան ատելության խոսքին առնչվող վարույթների քննության ընթացքում, և գնահատվել է, թե որքանով են նշված հանգամանքները գործնականում հաշվի առնվում։
Ուսումնասիրության արդյունքների հիման վրա ներկայացվել են հետևյալ առաջարկությունները՝
1. մշակել ՀՀ քրեական օրենսգրքի 329-330-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների քննության ուղեցույց-ձեռնարկներ.
2. մշակել քննիչների, դատախազների և դատավորների վերապատրաստման դասընթաց՝ առավել մանրամասն անդրադառնալով ատելության խոսքի քննության առանձնահատկություններին և իրականացնել պարբերական վերապատրաստումներ.
3. իրականացնել նշված հանցանքների վերաբերյալ հանրության իրազեկում՝ հատկապես առավել խոցելի խմբերի շրջանում։