Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիին վրդովվեցրել է ԱՄՆ-ում մի շարք հանրապետական կոնգրեսականների վարքագիծը: Նրանք արձակուրդ են գնացել՝ չհամաձայնեցնելով Ուկրաինային աջակցությունը: Ջոն Քիրբին օրենսդիրներին կոչ է արել ուշադրություն դարձնել Կրեմլի հայտարարություններին, որ ռուսական ուժերը չեն պատրաստվում կանգ առնել: Նա մտահոգություն է հայտնել, որ վերջին ժամերին ռուսական բանակը շարունակել է հարվածները Ուկրաինայի բնակելի տարածքներին, թիրախավորել կենսական կարևորության ենթակառուցվածքները: «Այն, ինչ տեղի է ունենում, միայն Ուկրաինայի վրա չի ազդում. Պուտինը մարտահրավեր է նետում ամբողջ աշխարհին»,- ընդգծել է Քիրբին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանք էր ներկայացրել Կոնգրեսին։ Հանրապետականները չեն աջակցել նախաձեռնությանը՝ նշելով, որ ցանկանում են ավելի շատ միջոցներ հատկացնել ամերիկյան սահմանների ամրապնդմանը:
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերն էլ հայտարարել է, որ գերատեսչությունը դեռ կարող է զենք տրամադրել Ուկրաինային իր պահեստներից, սակայն, նրա խոսքով, ամերիկյան կողմը պետք է մտածի նաև սեփական մարտական կարողությունների մասին, քանի որ միջոցները սպառվում են։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրել է՝ որքան երկար շարունակվեն ռազմական գործողությունները, այնքան ավելի բարդ կլինեն պայմանները, որոնց դեպքում կարող են սկսվել խաղաղ բանակցությունները։