Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է եղել թվային պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի բացմանը` վերազինված «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարն իր խոսքում կարևորել է բաժանմունքի բացումը ինչպես մեր երկրում, այնպես էլ տարածաշրջանում բժշկական հետազոտությունների և ախտորոշման զարգացման տեսանկյունից:
ՊԷՏ/ԿՏ-ն ուռուցքային հիվանդությունների ախտորոշման կարևորագույն մեթոդ է՝ սկսած քաղցկեղի առաջնային հայտնաբերումից, տարածվածության գնահատումից մինչև բուժման արդյունավետության գնահատում և հսկողություն։
Սարքն ունի բարձր զգայունություն և ճշգրտություն, հագեցած է արհեստական բանականության հիման վրա ստեղծված պատկերների վերամշակման ծրագրերով, որոնք թույլ են տալիս բուժառուին անհրաժեշտ ներարկվող ռադիոակտիվ նյութի նվազմանը զուգահեռ ստանալ էլ ավելի որակյալ պատկերներ, ինչպես նաև հայտնաբերել ուռուցքային շատ ավելի մանր ախտահարումները: