ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 10-րդ նստաշրջանի շրջանակներում դեկտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպվել է «Քաղաքական կամքը կոռուպցիայի դեմ պայքարում» հարակից միջոցառումը, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը: Կոմիտեի նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ անել հնարավորը օր առաջ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար և համոզմունք հայտնել, որ այդ գործում դեմոկրատական աշխարհը այսուհետ ևս կօժանդակի մեր երկրին։
Ինչպես տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում համախմբված, համակարգային պայքարի կարևորությանը և այդ պայքարում քաղաքական կամքի՝ որպես հիմնարար նախադրյալի անհրաժեշտությանը՝ Սասուն Խաչատրյանը ներկայացրել է դեռևս 2019 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունված հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների շրջանակում իրականացվող քայլերը, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ու կայացման գործընթացը:
Կոմիտեի նախագահը, մասնավորապես, անդրադարձել է այդ գործընթացում միջազգային այնպիսի կառույցների ունեցած ներդրմանը, ինչպիսիք են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը (ԹՊԻՀ): Սասուն Խաչատրյանը հատկապես կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, դրանցով մինչդատական վարույթի իրականացման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված՝ այս երկու կառույցների ջանքերն ու աջակցությունը։
Ըստ կոմիտեի նախագահի՝ ԵԱՀԿ-ի և ԹՊԻՀ-ի ֆինանսական և տեխնիկական աջակցության շնորհիվ կյանքի են կոչվել ինքնավար և օպերատիվ-հետախուզական գործառույթ իրականացնող պաշտոններ զբաղեցնող ծառայողների, այլ խոսքով՝ քննիչների և օպերլիազորների մասնագիտական վերապատրաստման մի շարք դասընթացներ, ճանաչողական և ուսումնական այցեր:
Սասուն Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները այլ պետությունների նույն գործառույթներն իրականացնող կառույցների հետ՝ վկայակոչելով, մասնավորապես, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, Իտալիայի Հանրապետության ֆինանսական գվարդիայի և Բազելի կառավարման ինստիտուտի հետ կնքված փոխըմբռնման հուշագրերը:
Կոմիտեի նախագահը նշել է, որ, չնայած գործունեության համեմատաբար կարճ ժամանակահատվածին, Հակակոռուպցիոն կոմիտեին հաջողվել է զգալի հաջողություններ գրանցել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման և քննության ոլորտում՝ ընդգծելով, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվող կոռուպցիոն հանցագործությունները չունեն հիերարխիկ բնույթ և դրան բնորոշ բրգաձև կառուցվածք, դրանք լոկալ դեպքեր են և հաճախ կոռուպցիոն դեպքերը բացահայտվում են հենց այդ մարմինների ղեկավար անձնակազմի ջանքերով և օժանդակությամբ.
«Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ կոռուպցիան արմատախիլ անելու գործում առկա է քաղաքական կամք, ինչը կարծում եմ, որոշիչն է, իսկ մնացածը ռեսուրսների և ժամանակի խնդիր է, ու համոզված եմ, որ հետզհետե հակակոռուպցիոն օրենսդրության կատարելագործման, մեր հակակոռուպցիոն կարողությունների զարգացմանը զուգահեռ՝ կոռուպցիայի դեպքերի բացահայտումներն ավելանալու են, իսկ կոռուպցիոն երևույթները՝ պայմանավորված պատասխանատվության անխուսափելիության գիտակցման խորացմամբ, պատշաճ հակակոռուպցիոն կրթություն ապահովելու պայմաններում պակասելու են»,- ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։