ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի Հանրապետության օդային սահմանով սահմանված կարգի խախտմամբ տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեպքերը։ Համատեղ բացահայտվել է ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափի գումարի մաքսանենգության դեպք: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ-ից:
«Սույն թվականի դեկտեմբերի 14-ին ՊԵԿ ՄԴՊ վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցները համատեղ, մաքսային հսկողության «կանաչ ուղու» գիծը հատելուց հետո, իրենց լիազորություններն իրականացնելիս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Միլան-Երևան չվերթով ժամանած ՀՀ և ՌԴ քաղաքացի Վ․Ա․-ին պատկանող ուղեբեռը։ Իրականացված մաքսային հսկողության արդյունքում, բացի անձնական օգտագործման ապրանքներից, հայտնաբերվել է չհայտարարագրված մեկ միլիոն ԱՄՆ դոլար գումար, որից 1000 հատը 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ են եղել, 9500 հատը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներ։
Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և նյութերի հետ միասին տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: