Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը դեկտեմբերի 11-15-ը ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին:
Հայաստանյան պատվիրակության ղեկավարն է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Էդգար Արսենյանը, համաժողովի շրջանակներում, դեկտեմբերի 14-ին հանդես է եկել ելույթով և անդրադարձել Հայաստանում հակակոռուպցիոն ոլորտում իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումներին, կոռուպցիայի կանխարգելմանն ու ինստիտուցիոնալ պայքարի ուղղություններին։
Այդ համատեքստում Գլխավոր դատախազության վարչության պետը կարևորել է կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ մասնագիտացված քննիչներով համալրված Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, վերջինիս կողմից քննվող մինչդատական քրեական վարույթը հսկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ստեղծումը, 2022 թվականին ձևավորված Հակակոռուպցիոն դատարանը՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության եռաստիճան համակարգով:
Էդգար Արսենյանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առանցքային է համարել Գլխավոր դատախազության կազմում ստեղծված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատանքները:
«Վարչությունը, ձևավորումից մինչ օրս (2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը), նախաձեռնել է 419 ուսումնասիրություն: Ընդհանուր առմամբ, մինչ այսօր, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, դատարան է ներկայացվել 93 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ»,- ընդգծել է Էդգար Արսենյանը: