Գայանան և Վենեսուելան պայմանավորվել են չկռվել նավթով և գազով հարուստ վիճելի Էսսեկիբո տարածաշրջանի համար, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Գայանայի մաս:
Համատեղ հայտարարության համաձայն՝ երկու երկրները «ոչ մի դեպքում չեն սպառնա և ուժ չեն գործադրի միմյանց դեմ» ու «զերծ կմնան հակամարտությունների կամ տարաձայնությունների սրումից թե՛ խոսքով, թե՛ գործով»։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ բանակցությունները կշարունակվեն առաջիկա երեք ամսվա ընթացքում, վեճերն էլ կլուծվեն միջազգային իրավունքի համաձայն։ Միաժամանակ Գայանան պնդում է կիրառել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, սակայն Վենեսուելան այն չի ճանաչում։
Գայանայի նախագահ Իրֆան Ալիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, Քինգսթաունում։ Բանակցություններին մասնակցել են ՄԱԿ-ի, Կարիբյան համայնքի, Ամերիկյան պետությունների կազմակերպության, Բրազիլիայի և Կոլումբիայի ներկայացուցիչները։