Դեկտեմբերի 8-ին Հոշիմին քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկացնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից՝ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը նշանակալից իրադարձություն է, ինչը վկայում է երկու ժողովուրդների ու պետությունների միջև մշտապես ամրապնդվող, հարատև հարաբերությունների մասին և հետագա զարգացման միտումների մասին։
«Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և տիկին Վալյա Կաժոյանը (Valia Gokoyan Kazhoyan), Վիետնամի արտաքին գործերի նախարարության Հոշիմին քաղաքի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Չան Ֆուոկ Անը, Հոշիմին քաղաքում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը, ինչպես նաև Հոշիմին քաղաքի հյուպատոսական կորպուսի անդամներ, վիետնամցի և օտարերկրացի գործարարներ, Հոշիմինում բնակվող հայեր և լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և Հոշիմին քաղաքի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Չան Ֆուոկ Անը: Նրանք նախ շնորհավորել են Գրեգորի Օհաննեսյանին նշանակման կապակցությամբ: Այնուհետև անդրադարձել են Հայաստանի և Վիետնամի միջև ընթացիկ հարաբերություններին և ապագայում համագործակցության զարգացմանը: Ելույթ ունեցողներն ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության երկարամյա պատմությունը, որն ընդգրկում է մի շարք ոլորտներ, ներառյալ առևտրատնտեսական, ներդրումային և զբոսաշրջային:
Այնուհետև ելույթով հանդես է եկել Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը։ Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանին և ՀՀ դեսպանության անձնակազմին Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի նշանակման հարցում իր թեկնածությանն աջակցություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծել է երկու երկրների միջև առկա կապերի հետագա ամրապնդումը և համագործակցության նոր ուղիների ձևավորման կարևորությունը: Գրեգորի Օհաննեսյանը նշել է համատեղ նպատակները և փոխադարձ հարգանքը՝ որպես հիմնական շարժիչ ուժեր՝ երկկողմ հարաբերությունների ավելի մեծ բարձունքների առաջ մղելու համար:
ՀՀ պատվավոր հյուպատոսը նաև հավելել է, որ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը կխթանի հաղորդակցության դյուրացումը, մշակութային փոխանակումը և Հայաստանի և Վիետնամի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիետնամի գրեթե բոլոր և այլ օտարերկրյա պետությունների խոշոր ընկերությունների կենտրոնակայանները և ներկայացուցչությունները հիմնականում տեղակայված են Հոշիմին քաղաքում: Օհաննեսյանը նշել է նաև, որ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերություններում նոր էջ է բացում՝ լի լավատեսությամբ և ապագայի վերաբերյալ երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականով:
Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է ընդունելությունը, որտեղ ներկայացված էին հայկական խոհանոցը, ինչպես նաև Վիետնամ ներկրվող հայկական «Արարատ» կոնյակներն ու «Ջերմուկ» հանքային ջուրը»,- ասված է հաղորդագրության մեջ։