ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հանդիպել է բուսասանիտարական ենթահսկման բեռներ արտահանող տնտեսվարողների հետ և ներկայացրել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ քննարկման արդյունքները։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն:
ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրել է ՌԴ գործընկերների դիրքորոշումը. խտրական վերաբերմունք որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի բեռների նկատմամբ չի լինելու:
Նրանք վստահեցրել են, որ բեռներն անցնելու են փաստաթղթային, ֆիզիկական և լաբորատոր փորձաքննություն, և, խնդիրներ չհայտնաբերելու դեպքում, անարգել անցնելու են վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետը:
Արմեն Հայրապետյանը տնտեսվարողներին նաև տեղեկացրել է, որ ինքը ռուսական կողմին երաշխավորել է, որ արտահանվող բուսասանիտարական ենթահսկման բեռների անվտանգության հավաստագրերը տեսչական մարմնի կողմից տրվելու են միայն մանրամասն ուսումնասիրությունից հետո:
«Ամենայն ուշադրությամբ հետևեք արտահանման ներկայացվող արտադրանքի որակին, ապահովեք հետագծելիությունը. շեղումով որևէ բեռ ՀՀ սահմանը հատել չի կարող»,- հորդորել է տեսչական մարմնի ղեկավարը:
Տնտեսվարողները շնորհակալություն են հայտնել հանդիպման և իրենց խնդիրները ներկայացնելու հնարավորության համար, նաև տեղեկացրել են, որ դեկտեմբերի 1-ից հետո իրենց բեռներից շատերն արդեն անարգել անցել են Լարսի սահմանակետը: