Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռնի» գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 թվականներին զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, նույն կոմիտեի նախագահի, Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահի և ֆինանսների նախարարի պաշտոնները, հանձնարարել է Կոմիտեի, այնուհետև՝ Ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել իր որդիներ Ա.Խ.-ի և Գ.Խ.-ի, ազգական Ա.Խ.-ի կողմից հիմնադրված ՍՊ ընկերության հետ, վերացնել գնման ընթացակարգում առաջացող խոչընդոտներն ու կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր:
Օգտվելով Գ.Խ.-ի կողմից ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ ՍՊ ընկերությունը 2008-2020 թվականների ընթացքում Կոմիտեի հետ կնքել է 4 մլրդ 426 մլն 435 հազար դրամ արժեքով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր:
Բացի այդ, Գ.Խ.-ն, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ, ապահովել է, որ իր որդիների ու եղբորորդու ընկերության հետ կնքվի 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագիր՝ իրական արժեքից էապես բարձր՝ 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամով (նշված ընկերության հետ պայմանագիր կնքելիս՝ գնում կատարելու վերաբերյալ մրցույթ չի անցկացվել, ընտրվել է առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգը, հրավերն ուղարկվել է միայն իր որդիների ու եղբորորդու ընկերությանը):
Թեև պայմանագրով նախատեսված աշխատանքները կապալառուի և ենթակապալառուի կողմից փաստացի կատարվել են 2 մլրդ 777 մլն 410 դրամով, սակայն այդ աշխատանքների դիմաց պետական միջոցներից ընկերությանը փոխանցվել է 4 մլրդ 283 մլն 580 հազար դրամ, որի արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է 1 մլրդ 506 մլն 169 հազար 583 դրամ:
Վերոնշյալ արարքների արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի և եղբորորդի Ա.Խ.-ի հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին, միախառնվել են այլ միջոցների հետ և տնօրինվել նրանց կողմից:
Վերոնշյալ եղանակով 2011-2018 թվականների ընթացքում նրանց մասնակցությամբ գործող մեկ այլ ՍՊ ընկերությանը փոխանցվել է 39 մլրդ 723 մլն 323 հազար դրամին համարժեք գումար, որից որպես փոխառություն՝ 32 մլրդ 332 մլն 943 հազար դրամին համարժեք գումար: Ստացված, ինչպես նաև կանխիկ մուտքագրված և հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերության ֆինանսական միջոցների հետ միախառնված գումարի մի մասը՝ 8 մլն 589 հազար 900 ԱՄՆ դոլարը Գ.Խ.-ի որդիների և եղբորորդու պահանջով, փոխառության վերադարձի հիմնավորմամբ, ընկերության տնօրենի անվամբ կանխիկացվել, ապա մուտքագրվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության հաշվեհամարին:
Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները, տեղյակ լինելով «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի կողմից ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրած՝ իրենց հորն առանձնապես խոշոր չափերով` 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարի և 206 հազար 500 եվրոյի կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են Ս.Ա.-ին և վերջինիս հետ քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները:
«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն 22 մլն 185 հազար ԱՄՆ դոլարը և 206 հազար 500 եվրոն փոխանցել է Գ.Խ.-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված «VETO GROUP», «VETO TRUST» և «WEST COAST ESCROW» ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար Ս.Ա.-ի և Գ.Խ.-ի որդիների միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ 7 մլն, 10 մլն և 13 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի վերաբերյալ (Ս.Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել):
Բացի այդ, Գ.Խ.-ի որդիները 2011-2016 թվականների ընթացքում լվացել են հանցավոր ճանապարհով ստացված 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո:
Մասնավորապես՝ Գ.Խ.-ի որդիներ Ա.Խ.-ն, Գ.Խ.-ն և եղբորորդի Ա.Խ.-ն մասնակցել ու ղեկավարել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող շուրջ 48 ընկերություն և, օգտվելով Գ.Խ.-ի զբաղեցրած պաշտոններով պայմանավորված հովանավորչությունից, 2011-2016 թվականների ընթացքում թաքցրել են վերոնշյալ կազմակերպությունների գործունեության իրական ծավալները: Արդյունքում առաջացել են չհայտարարագրված և հարկային մարմնի հսկողությունից դուրս մնացած եկամուտներ` 1 մլրդ 555 մլն դրամ, 97 մլն 203 հազար ԱՄՆ դոլար, 2 մլն 65 հազար եվրո: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները 2011-2016 թվականների ընթացքում տրամադրել են բանկերից մեկում որպես վարորդ աշխատող Ա.Պ.-ին և հանձնարարել վարձատրության դիմաց կանխիկ մուտքագրել իրենց կողմից տրված բանկային հաշվեհամարներին:
Ա.Պ.-ն իրեն փոխանցված կանխիկ գումարները մուտքագրել, ապա բանկային գործարքով փոխանցել է փաստացի Գ.Խ.-ի որդիների և եղբորորդու հետ փոխկապակցված՝ արտերկրում, այդ թվում` օֆշորային գոտիներում գրանցված, ՀՀ-ում որևէ տնտեսական գործունեություն չիրականացնող հինգ ընկերությունների հաշվեհամարներին, միախառնել այլ միջոցների հետ: Գումարները փոխանցումների և կանխիկացումների միջոցով տնօրինվել են Գ.Խ.-ի որդիների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից:
Բացի այդ, Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ն, հանդիսանալով «Մեգա Ֆուդ» ՍՊ ընկերության միակ հիմնադիրը և տնօրենը, 2011, 2012, 2014, 2015 և 2016 թվականներին հարկային մարմիններ ներկայացրած փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ և չի վճարել 369 մլն 439 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։
Բացի այդ, Ա.Խ.-ն, հանդիսանալով Գ.Խ.-ի որդիների կողմից հիմնադրված «Ապեյրոն» ՍՊ ընկերության տնօրենը, 2011-2016 թվականների ընթացքում հարկային մարմիններ ներկայացված փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ և չի վճարել 424 մլն 555 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։
Դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում (երեք դրվագ), 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելը), Գ.Խ.-ի որդի Գ.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, հայտարարվել է հետախուզում), Գ.Խ.-ի եղբորորդի Ա.Խ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 205-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը), «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը), վարորդ Ա.Պ.-ի նկատմամբ՝ 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: