Ադրբեջանում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը: Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն է ստեղծվել` Ֆիդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Նա նշել է, որ Ադրբեջանը ներկայում քննարկում է խաղաղության համաձայնագրի նախագծի առնչությամբ Հայաստանի մեկնաբանությունները և մոտ ապագայում իր կարծիքը կփոխանցի հայկական կողմին։
«Ադրբեջանն ու Թուրքիան կարծում են, որ տարածաշրջանի հարևանները պետք է խաղաղ ապրեն։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը քայլեր կձեռնարկի նույն ուղղությամբ»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
Նա նաև նշել է` Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
Հաքան Ֆիդանն իր հերթին ընդգծել է, որ տարածաշրջանում պատերազմի կամ հակամարտությունների համար այլևս տեղ չկա: Նրա խոսքով՝ եթե Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կարգավորվեն, Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն անմիջապես կկարգավորվեն:
«Առավել քան երբևէ մոտ ենք տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը։ Այս հնարավորության գնահատման համար շարունակելու ենք մեր գործողությունները սերտորեն համակարգել եղբայրական Ադրբեջանի հետ»,- նշել է Ֆիդանը։
Հաքան Ֆիդանը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահի հետ: Հանդիպմանն ընդգծվել է բոլոր ոլորտներում երկրների միջև բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը։ Կողմերը նշել են, որ փոխադարձ այցելություններն ու շփումները պետությունների ղեկավարների և այլ մակարդակներով նպաստել են երկու երկրի համագործակցության ամրապնդմանը։
Զրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ երկու երկրի հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել բոլոր ոլորտներում, մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: