Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Ֆիդանը հերթական անգամ շնորհավորել է Ադրբեջանին՝ «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու համար, նշել, որ այժմ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար պատմական հնարավորություն է ի հայտ եկել, և այն չպետք է բաց թողնել։ Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի դրական դինամիկան։
«Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է բոլոր խաղացողների շահերից։ Այդ իսկ պատճառով բոլոր կողմերը պետք է ջանք գործադրեն խաղաղության և կարգավորման մթնոլորտի ձևավորման համար»,- ասել է թուրք դիվանագետը:
Նրա խոսքով՝ արտատարածաշրջանային բոլոր դերակատարներն էլ տարածաշրջանի հավասարակշռությունը պահպանող և կարգավորումը խրախուսող քաղաքականություններ պետք է վարեն։
«Ողջունում ենք նաև վերջերս կայացված այն որոշումը, ըստ որի՝ երկու երկրների միջև վստահությունը մեծացնող մի շարք քայլեր են արվելու։ Ցանկանում ենք, որ նման քայլերը շարունակվեն և բացեն դեպի համապարփակ խաղաղության պայմանագիրը գնացող ճանապարհը։ Մտածում ենք, որ սադրիչ քայլերով գործընթացը վնասել փորձող շրջանակներն էլ այդ համաձայնությունից պետք է իրենց համար ուղերձ դուրս բերեն։
Մշտապես ասում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացում ապահովվելիք առաջընթացը դրական է արտացոլվելու նաև Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի վրա։ Առավել, քան երբևէ մոտ ենք տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը։ Այս հնարավորության լավագույնս գնահատման համար եղբայր Ադրբեջանի հետ սերտ համակարգումն անխափան շարունակելու ենք»,- ասել է Ֆիդանը։