Առկա մարտահրավերներին արդյունավետ արձագանքը և վերականգնումը պահանջում է անհավասարությունների և խտրականության հասցեագրում ու ներառականության ապահովում: Այդ մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը ելլույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ փոխանցում են ԱԳՆ-ից:
«Մարդկանց, բեռների ու ծառայությունների ազատ տեղաշարժի համար քաղաքական խոչընդոտների վերացումը, մասնավորապես՝ տնտեսական ու սոցիալական իրավունքների և բոլոր ժողովուրդների զարգացման իրավունքի իրացումը, կարևոր գործոն է գլոբալ շուկաներին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ինտեգրման համար:
ՄԱԿ-ի Զարգացման համակարգն ունի անհրաժեշտ գործիքակազմը, փորձառությունը և գործընկերների ցանցը՝ առաջ մղելու համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ու զարգացման գործընկերների միջև:
Այս առումով մենք մասնավորապես կարևորում ենք երկրների մեր խմբի առևտրային, տրանսպորտային ու տարանցիկ ներուժի լիարժեք իրացումը՝ ներառական փոխկապակցվածությունը որակյալ, կայուն և դիմակայուն ենթակառուցվածքների խթանման, տրանսպորտային ցանցերի մատչելի ու հավասար օգտագործման ապահովման ու առևտրի դյուրացման միջոցով»,- մասնավորապես ասել է ԱԳ նախարարը: