«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է օգտակար լինել նաև արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ ուղղություններով էլեկտրահաղորդման գծերի, մալուխների, գազատարների կառուցման և անցման համար: Այդ մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախագիծը շատ ավելի մեծ գործընթաց և նախագիծ է, քան տարածաշրջանայինը, և միջազգայնորեն էական ազդեցություն կարող է ունենալ:
«Այս նախագիծն առնչվում է դեպի ծով ելք չունեցող երկու երկրներին՝ Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանին: Այսօր էլ մենք, ըստ էության, դեպի ծով ելքի հնարավորություն ունենք բարեկամական, եղբայրական Վրաստանի և բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, բայց մենք կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կընդլայնի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հնարավորությունները՝ դեպի ծով ելքի, և նաև ընդհանուր առմամբ բեռնափոխադրումները, մուլտիմոդալ բեռնափոխադրումների ավելի լայն հնարավորություններ կստեղծվի, ինչպես նաև նշված ուղղություններով շատ էական հնարավորություններ կարող են բացվել նաև խողովակաշարերի համար, մալուխների համար, էլեկտրահաղորդման գծերի համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև ընդգծեց, որ այս ամենը հնարավոր կլինի, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն, ապա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչքանով է հնարավոր խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և ի՞նչ սկզբունքների շրջանակներում այն պետք է տեղի ունենա:
Նա հիշեցրեց, որ հիմնական սկզբունքները 3-ն են, արձանագրվել են Բրյուսելում՝ եռակողմ հանդիպման արդյունքներով:
Դրանցից մեկը վերաբերում է տրանսպորտային ապաշրջափակման մասին համաձայնություններին, որոնք պետք է տեղի ունենան երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա:
Հաջորդ սկզբունքն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քառակուսի կիլոմետր:
Հաջորդ սկզբունքը երկրների միջև դելիմիտացիայի գործընթացն է, որը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, որով արձանագրվում է երկու իրողություն. այն, որ ԽՍՀՄ գոյություն չունի, և այն, որ 12 հանրապետություններն անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների վարչական սահմաններով, իսկ վարչական սահմանները վերածվում են պետական սահմանների: