Դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բոտսվանայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեի հետ, որը Երևանում է՝ մասնակցելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը:
ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման շրջանակներում Հայաստանի և Բոտսվանայի ԱԳ նախարարները ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:
Ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ Արարատ Միրզոյանը նշեց. «Ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետությանը և Բոտսվանայի Հանրապետությանն այս կարևոր իրադարձության առիթով: Իսկապես, մենք նոր գլուխ ենք բացում մեր հարաբերություններում, եթե շատ ֆորմալ մոտենանք հարցին, մենք հիմնադրում ենք այդ հարաբերությունները՝ առնվազն դիվանագիտական մասը: Եվ լիահույս ենք, որ հետագայում մեր աշխատանքի շնորհիվ և նաև այն արժեքների հիման վրա, որոնք մենք կիսում ենք, զարգացնել մեր համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև գիտություն, կրթություն և իհարկե նաև համագործակցություն միջազգային հարթակներում: Կրկին շնորհավորանքներս»:
Բոտսվանայի ԱԳ նախարար Լեմոգանգ Կվապեն նշել է. «Ձերդ գերազանցություն, ես կիսում եմ նույն հույսը։ Բացի հույսից ես գնահատում եմ ընդհանուր անցյալը: Բայց ամենակարևորը՝ մենք կիսում ենք մեր ժողովրդավարության արժեքները և նաև կիսում ենք զարգացման արժեքները: Այսօրվա մեր հանդիպումը դրա վկայությունն է: Քանի որ մենք ստորագրել ենք համաձայնագիր մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, ես սպասում եմ, որ մենք՝ որպես եղբայրներ և քույրեր, մեր երկրների փոխադարձ զարգացման գործում միմյանց կողքին կլինենք: Մեր երկու երկրներն էլ ելք չունեն դեպի ծով, և երկուսն էլ փոքր պետություններ են թե՛ տնտեսությամբ, թե՛ այլ չափանիշներով։ Մենք ունենք բնակչության գրեթե նույն թվաքանակը Այսպիսով, ես կարծում եմ, որ սա մեզ տալիս է հնարավորություն դառնալ իրական գործընկերներ և ունենալ իրական գործընկերություն»։
Հանդիպմանը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են մասնավորապես տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթամշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հնարավորությունները՝ այս համատեքստում կարևորելով նաև հետագա իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:
Հանդիպման օրակարգում են եղել միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Հայաստանի և Բոտսվանայի ԱԳ նախարարների ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային հարցերը: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության զարգացմանն ուղղված նախագծերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին: