Շնորհավորում եմ բոլորիս այս իսկապես կարևոր իրադարձության առիթով, երբ 15-րդ դարի մատյանը, ինչպես Մատենադարանի տնօրենն ասաց, վերադառնում է տուն: Մատենադարանում այսօր՝ 15-րդ դարի Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողության ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարոն Խզմալյանը շնորհակալություն հայտնեց ինձ, ես ուզում եմ իմ շնորհակալությունը վերահասցեագրել Հայաստանի բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որոնց վճարած գումարներից է Կառավարությունը հնարավորություն ստանում այսպիսի խնդիրներ լուծել: Ես հարկ համարեցի սա ընդգծել, որ ՀՀ հարկ վճարողները տեսնեն, որ իրենց կատարած վճարումները ծախսվում են ահա նաև այսպիսի նպատակների համար: Իհարկե, չենք կարծում, թե պետական բյուջեի ծախսումներն իրենց արդյունավետությամբ հասել են կամ հասցրել ենք կատարյալի, բայց սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև ընդհանրապես մեր քաղաքականությունը հանգում է նրան, որ մենք բարերարության տրամաբանությունը պիտի փոխարինենք օրինապահ հարկ վճարելու տրամաբանությամբ, որովհետև ամենամեծ բարերարներն իրենց հարկերը պարտաճանաչ վճարողներն են, որոնք միևնույն ժամանակ ուժեղացնում են պետությունը, պետական ինստիտուտները, և պետությունն էլ իր հերթին հնարավորություն է ստանում ուժեղացնել իր՝ պետության, հոգևոր հիմքերը, արժեքային հիմքերը, մշակութային հիմքերը, և սա շատ կարևոր արձանագրում է»,- նշեց վարչապետը:
Վարչապետն ասաց, որ Կառավարությունը նպատակադրվել է, որ դա առանձին վերցված մի իրադարձություն կամ առանձին վերցված քայլ չլինի: «Հաջորդ տարվա պետական բյուջեում միջոցներ ենք նախատեսել նման ձեռքբերումների համար, որովհետև իսկապես սա այն դեպքն էր, երբ Կառավարությունը Մատենադարանի դրդմամբ և հուշումով շատ արագ արձագանքեց, և կարևոր է, որ մենք այս արագ արձագանքման օրինակն ունենանք որպես գործելակարգ բոլոր այն դեպքերի համար, երբ ունենք հնարավորություն մեր հոգևոր արժեքները, մեր մշակութային արժեքները պահպանելու, պաշտպանելու, վերադարձնելու, և սա մեր քաղաքական կարևոր ուղղություններից մեկն է, որը մենք պետք է զարգացնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց նաև այն փաստի վրա, որ Կառավարությունը շատ մեծ միջոցներ է տրամադրում Հայաստանում մշակութային հուշարձանները, պատմական հուշարձանները պահպանելու, վերականգնելու համար, և նաև գիտությանը ֆինանսավորումն է մեծացվում, որպեսզի այդ հուշարձանների հետազոտումը, պահպանումը, ուսումնասիրությունը ավելի ինստիտուցիոնալ հենքերի վրա դրվեն:
«Ինչ վերաբերում է բուն ձեռագրին, անկեղծ ասած, չեմ կարող շատ բան ասել ձեռագրի մասին: Ես այստեղ եմ՝ այն սեփական աչքերով տեսնելու, և այդ առումով, կարծում եմ՝ կիսում եմ շատերիդ առաքելությունը»,- ասաց վարչապետը: