Ամփոփվել են ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2023 թվականի մրցույթի արդյունքները. հաղթող է ճանաչվել 36 ուսանող:
Մրցույթի արդյունքում 1-ին տեղը զբաղեցրած 14 ուսանող կստանա 410 000-ական դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած 11 ուսանող՝ 330 000-ական դրամ, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած 11 ուսանող՝ 239 000-ական դրամ կրթաթոշակ: Մրցանակային ֆոնդը կազմել է 12 միլիոն դրամ:
Մրցույթին մասնակցել են առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առաջին կիսամյակն ավարտած ՀՀ պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բուհերի ուսանողները՝ հետևյալ ոլորտներում.
- բնագիտություն (այդ թվում՝ մաթեմատիկա և ՏՀՏ).
- հայագիտություն.
- հումանիտար գիտություններ.
- հասարակագիտություն.
- ճարտարագիտություն (այդ թվում՝ ճարտարապետություն/գյուղատնտեսություն).
- մշակույթ-սպորտ.
- բժշկություն:
Մրցույթն անցկացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով. հաղթողները որոշվում են հավաքած առավելագույն միավորների քանակով՝ ըստ 3-10 միավորանոց գնահատման սանդղակի: Հավասար միավորների դեպքում հաշվի են առնվում ուսանողի առաջադիմությունը և կարգով սահմանված այլ չափանիշներ:
Մրցույթն անցկացվում է համաձայն ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման դրույթների:
Մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել ուսանողների մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, ինչպես նաև խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև: