2023 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի դրույթների պահպանման շուրջ:
«Լուրեր»-ին ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում հայկական կողմը նշել է, որ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը արձանագրել է Համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումներ: Ռուսական կողմն ընդունել է այդ փաստը, և արդյունքում ստորագրվել է համատեղ հայտարարություն:
Արձանագրվել է հետևյալը՝
1. Ռուսական կողմն ընդունել է հայկական կողմից արձանագրված խախտումների փաստը:
2. Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համաձայնագրի բոլոր կետերի պատշաճ պահպանման ուղղությամբ:
Ռուսական ալիքները փակելու հանրային հերթական պահանջը բարձրացավ, երբ մուլտիպլեքսում առկա ռուսական «Առաջին ալիքով» հոկտեմբերի 23-ին հեռարձակված հաղորդման ընթացքում հնչեցին վիրավորական արտահայտություններ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին: