Դեկտեմբերի 14-ին Երևանում անցկացվում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Միջոցառումը մեկնարկել է «Տրանսպորտային փոխկապակցվածության դերը կայուն և դիմակայուն զարգացման խթանման հարցում» խորագրով բացման հատվածով, որին խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման և Բոտսվանայի ԱԳ նախարար, դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով նախագահող Լեմոգանգ Կվապեն:
Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախագահել է նախարարական մակարդակով նիստը՝ հանդես գալով բացման խոսքով, ապա՝ ազգային ելույթով՝ ԱԳ նախարարի կարգավիճակով: Նիստն անցկացվել է տրանսպորտային կապակցվածության ռազմավարական նշանակության թեմայի շուրջ՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հաջորդ գործողությունների ծրագրի համատեքստում: Նախարարական նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել 19 ներկայացուցիչ` 13 երկրից և 6 միջազգային կազմակերպությունից:
Միջոցառման առանցքային թեմաներից է եղել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը: Իրենց ելույթներում ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարն ընդգծել են, որ այն նպատակ ունի իրար կապել Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսությանը, հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների:
Ընդհանուր առմամբ, նախարարական հանդիպմանը, որը ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է, մասնակցում է 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակություն, որոնց թվում են դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների, տարածաշրջանի և ՀՀ հարևան երկրների ներկայացուցիչներ»,- նշված է հաղորդագրության մեջ: