Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 299,252.4 հազար դրամ գումարի չափով, ինչպես նաև վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 14,481,218.2 հազար դրամի չափով, ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:
Հիմնավորման համաձայն՝ կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավումը կրում է շարունակական բնույթ, ինչը առաջնային և կարևորագույն խնդիրներից է պետության որդեգրած քաղաքականության պատշաճ իրականացման համար: Վերաբաշխվող գումարի շրջանակում կրթական ոլորտի կապիտալ ծրագրերին կուղղվի 193.2 մլն դրամ գումար, այդ թվում՝ Ծիածանի դպրոցի շենքի 2-րդ հարկի նորոգմանը, ուր նորոգումից հետո պետք է տեղափոխվեն Գեղակերտի դպրոցի աշակերտները, քանի որ այդ դպրոցն ընդգրկվել է մինչև 2026 թ. կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող դպրոցների ծրագրում, և 2024 թ. դպրոցի շենքը քանդվելու է։ Մշակույթի ոլորտին կուղղվի 72.8 մլն դրամ գումար։
Հատկացումների շրջանակում առկա են նաև անվանի դիրիժոր և երգահան Հովհաննես Չեքիջյանի աշխատասենյակի և հայտնի ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանի անվան տաղավարի գույքով ապահովման ծախսեր։ Նախատեսվում է նաև թույլատրել կատարել ծավալների ավելացում և աշխատանքների համադրում Դիլիջանի Շարամբեյանի անվան թանգարանի հիմնանորոգման նպատակով: Նախատեսվում է թույլատրել քաղշին կոմիտեին կատարել ծավալների ավելացում Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման համար: