Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Ժնևում մասնակցում է Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի երկրորդ համաժողովին, որը տեղի է ունենում 4 տարի պարբերականությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
«Այն նպատակաուղղված է գործնականում աջակցելու Փախստականների վերաբերյալ գլոբալ հռչակագրի դրույթների իրականացմանը, այդ թվում՝ մեղմելու ճնշումը ընդունող երկրների վրա, նպաստելու փախստականների ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ավելացնելու երրորդ երկրների լուծումների հասանելիությունը և բարելավելու պայմանները ծագման երկրներում:
Փախստականների զբաղվածության ու ձեռներեցության թեմաներին նվիրված նիստում Արմեն Ղազարյանն ընդգծել է ազգային օրենսդրության ընձեռած հնարավորությունները փախստականների համար, որոնց իրավունքների փաթեթում աշխատանքի բաղադրիչը լիարժեք համընկնում է ՀՀ քաղաքացիների իրավունքների հետ: Նա նշել է, որ ձեռներեցության մասով հաջողության պատմություններ են արձանագրվել, մասնավորապես, Սիրիայից Հայաստան ժամանած փախստականների շրջանում:
Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի առաջին համաժողովի ընթացքում Հայաստանի ստանձնած հանձնառությունները գերակշիռ մեծամասնությամբ իրականացվել են: Մասնավորապես.
-
մշակվել և Կառավարության հավանությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2022-2032 թթ. ռազմավարությունը և դրանից բխող 2022-2026 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը.
-
գործարկվել է ապաստանի գործերի կառավարման թվային հարթակ.
-
ուսումնասիրվել է ՀՀ-ում ապաքաղաքացիության խնդիրը, վեր հանվել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել վերջին տարիներին ՀՀ-ում քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճի համար.
-
այդ թվի աճի կանխարգելման նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում.
-
աշխատանքներ են տարվում «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծի մշակման ուղղությամբ.
-
պարեբարաբար անցկացվել և անցկացվում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ապաստանի և իրավական ապահովման բաժնի աշխատակիցների՝ միջազգային պաշտպանության հարցերում կարողությունների զարգացմանն ուղղված ուսուցումներ.
-
ներկայումս վերանայվում է փախստականների և ապաստանի ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: