Աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ադոնիս Գեոգիադիսի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
«Ընդգծելով երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը՝ կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել է նաև համատեղ հուշագրի ստորագրման հնարավորությունը։
Նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ Հունաստանի հետ բազմակողմանի համապարփակ համագործակցություն է իրականացվում տարբեր ոլորտներում, և այս համատեքստում կարևորել սեկտորալ հարաբերությունների զարգացումը նաև սոցիալական պաշտպանության ոլորտում։ Նախարարն ասել է, որ հայկական կողմը հետաքրքրված է բնակարանաշինության ոլորտում Հունաստանի ունեցած փորձով, և ուրախ կլինեն, եթե համատեղ աշխատանքներ իրականացվեն նաև այս ուղղությամբ։
Ադոնիս Գեոգիադիսը նշել է, որ Հունաստանում աշխատուժի կարիք կա, և որ պատրաստակամ են Հայաստանից ևս ներգրավել համապատասխան մասնագետների։
Հանդիպման ավարտին Ադոնիս Գեոգիադիսը Նարեկ Մկրտչյանին հրավիրել է այցելել Հունաստան՝ ոլորտային երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։