Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կշարունակեն ռազմական գործողությունները մինչև հաղթանակի հասնելը: Նա շեշտել է, որ ոչինչ չի ստիպի Իսրայելին՝ դադարեցնել ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը, այդ թվում՝ «միջազգային ճնշումը»։ Նա այդ հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հրադադարի պահանջով ոչ պարտադիր բանաձև ընդունելուց մեկ օր անց:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևին: Նա հայտարարել է, որ պատերազմը կշարունակվի «միջազգային աջակցությամբ կամ առանց դրա»։
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 153 կողմ, 10 դեմ, 23 ձեռնպահ ձայներով քվեարկել էր հօգուտ զինադադար պահանջող բանաձևի։ Այսպիսով, նոյեմբերին նույն հարցով կայացած քվեարկությունից հետո 32 երկիր փոխել են իրենց դիրքորոշումը և միացել զինադադարին կողմ երկրների ցանկին։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար և խմբավորման առաջնորդներից Իսմայիլ Հանիեն էլ հայտարարել է, որ բաց է ցանկացած նախաձեռնության համար, որը կարող է վերջ դնել Գազայի հատվածում իսրայելական գործողությանը, սակայն հավելել է, որ չի կարող լինել համաձայնագիր, որը կբացառի ՀԱՄԱՍ-ը:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Գազայի հատվածում շարունակվող հակամարտության շուրջ բանակցություններ է վարել գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ։ Սալիվանն այսօր մեկնելու է Իսրայել՝ բանակցություններ վարելու Բենիամին Նեթանյահուի և ռազմական կաբինետի անդամների հետ: Ամերիկյան կողմը հայտնում է, որ նա իսրայելցիներին կոչ կանի ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին:
Մանրամասները՝ ռեպորտաժում: