Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2049-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին նախագծին:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ մի շարք փոփոխություններ և հատկացումներ կան:
«Մասնավորապես, դրանցից 3-ին անդրադառնամ որպես խոշոր հատկացումների, որոնք միասին 4.8 մլրդ դրամ են կազմում: Դրանց մոտ 4 մլրդ-ը՝ 3 միլիարդ 93 միլիոնը, սուբվենցիոն ծրագրերի համար է, 643 մլն դրամ տրամադրում ենք մարզերին՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ կապված մի շարք ծախսեր իրականացնելու համար, և որոշակի մարզերում որոշակի հրատապ ծրագրեր իրականացնելու համար 160 մլն դրամ: Բայց նախագծում նաև այլ որոշակի հատկացումներ կան, մասնավորապես, ինչպես նշեցի, ամենախոշոր հատկացումը՝ մոտ 4 մլրդ, վերաբերում է սուբվենցիաներին, և ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին կտրամադրենք 390 մլն, Արարատի մարզին՝ 483 մլն դրամ, Արմավիրին՝ 88 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 218 մլն դրամ, Լոռու մարզին՝ 295 մլն դրամ, Կոտայքին՝ 647 մլն դրամ, Շիրակի մարզին՝ 372 մլն դրամ, Սյունիքին՝ 660 մլն դրամ, Վայոց ձորին՝ 16 մլն դրամ, Տավուշին՝ 820 մլն դրամ:
Սանոսյանը նշեց, որ դա տարվա վերջին սուբվենցիոն փաթեթն է:
«Կան ծրագրեր, որոնք ավարտական փուլում են, դրանց համար արդեն հունվար-փետրվար ամիսներին կվճարենք»,- հայտնեց նախարարը:
«Քանի որ վերջին հատկացումն է, մի քանի ընդհանուր թիվ ասեմ. այս հատկացումով Կառավարության մասնաբաժինը մոտ 31-մլրդ-ի հասավ: Այս տարի ծրագրերի մեջ գերակշռել են ասֆալտապատման ծրագրերը. ընդհանուր իրականացրել ենք 446 ծրագիր, և ասֆալտապատման ծրագրերը գերակշռող են եղել: Գերակշող են ջրագծերը և մանկապարտեզները, ասֆալտապատվել և սալարկվել է մոտ 250 կմ համայնքային ճանապարհ»,- նշեց Գնել Սանոսյանը: