ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել ՀՀ գլխավոր դատախազը՝ տեղեկացնելով, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով իրականացվող ուսումնասիություններով շահագրգիռ անձանց միջև կնքվել է 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել թվով 6 միավոր անշարժ և 1 միավոր շարժական գույք՝ տրամադրելով նշված գույքերից Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով արդեն իսկ գրանցված գույքերի ցանկը և առաջարկել հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 5‑րդ հոդվածի կարգավորումները՝ դրանք ամրակցել պետական գույքի կառավարման կոմիտեին։
Վերոնշյալի համար հիմք են հանդիսացել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վճիռները։
Կառավարությունը նիստի ընթացքում հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում էր արդեն իսկ պետական սեփականություն հանդիսացող՝ 4 անվանում անշարժ և 1 անվանում շարժական գույքն ամրակցել Կոմիտեին։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով ՀՀ սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և մեկ շարժական գույք, որոնց ընդհանուր արժեքը՝ շուկայական մոտարկված արժեքը, 2 մլրդ 100 մլն դրամ է, ինչպես նաև ՀՀ-ին է վերականգնվել շուրջ 79 մլն դրամ:
«Նշված գույքերից 5-ի նկատմամբ արդեն իսկ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը»,- ասաց Վարդապետյանը:
Նա տեղեկացրեց, որ Կառավարության որոշման նախագծում նշված անշարժ գույքերի ցանկում են ՀՀ 3-րդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից պետությանը վերադարձված՝ Եռաբլուր զինվորական պանթեոնին հարակից 3 հողատարածքները:
«Նշեմ հողատարածքների չափերը. 21 498.9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս, 34.76 քմ մակերեսով հասարակական տարածք: 1687.9 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամաս և 237.9 քմ մակերեսով հասարակական տարածք, երրորդը՝ 14 260.9 քմ մակերեսով հողամաս և 25.6 քմ մակերեսով տարածք: Կառավարության որոշման նախագծում նշված մյուս մեկ անշարժ գույքը՝ ավտոտնակը և մեկ շարժական Rangrover մակնիշի տրանսպորտային միջոցը, պատկանել են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին»,- մանրամասնեց գլխավոր դատախազը՝ ընդգծելով, որ ևս մեկ անշարժ գույքի նկատմամբ ՀՀ-ի սեփականության իրավունքը կգրանցվի առաջիկայում:
«Մեր կողմից համապատասխան գրությամբ Պետգույքի կառավարման կոմիտեն կրկին կտեղեկացվի գույքի ամրացման անհրաժեշտության մասին»,- ասաց Աննա Վարդապետյանը: