Ինչքանով է հավանական, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի: Թեմային Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ հարցին պատասխանելու մի քանի մոտեցում կա. որ նման իրադարձության հավանականությունը մեծ չէ, և որ նման զարգացումների հավանականությունը մեծ է:
«Եվ օբյեկտիվորեն պետք է ասել, որ երկու խումբ փաստերն էլ գոյություն ունեն»,- ասաց ՀՀ վարչապետը:
Այս համատեքստում Փաշինյանը նկատեց, որ երեկ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ գերեվարված անձանց փոխանակություն, և որ Հայաստանի 31 ներկայացուցիչներ և ԼՂ-ից 1 զինվորական Ադրբեջանի կողմից հանձնվել են Հայաստանին:
«Չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա և կուզենայի առնվազն երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ, որից մենք կկարողանանք առնվազն փորձեր և ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- եզրափակելով խոսքը՝ ասաց ՀՀ վարչապետը։