Մեր համոզմունքն այն է, որ խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական, մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունը և առկայությունն է, իսկ այդ կապերը ակնհայտորեն չեն կարող տեղի ունենալ առանց տրանսպորտային կոմունիկացիաների, և այս է պատճառը, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շատ կարևոր թեմայով մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որը, ըստ էության, տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու մասին է, և որը, ըստ էության, այդ թվում՝ ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ: Այդ մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
ՀՀ վարչապետը նախ հիշեցրեց, որ ավելի քան 30 տարի Հայաստանի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են:
«Եվ այսօր մենք, միջազգային հանրությունը և տարածաշրջանային երկրները շատ ենք խոսում, քննարկում տարածաշրջանային կոմունիկացիները բացելու հնարավորությունների մասին: Շատ կարևոր եմ համարում արձանագրել այս հեղինակավոր լսարանում Հայաստանի պատրաստակամությունը՝ շատ գործուն և կոնկրետ քայլեր իրականացնելու մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը, մանրամասնեց թե ինչ պատրաստակամությունների մասին է խոսքը:
«ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում ստեղծել, վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ երկու՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով:
Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, և երկրորդը՝ հարավային ուղին, որն այլոց շարքում կապում է նաև Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Ընդ որում՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով, և այս պատրաստակամությունը մենք հայտնել ենք պաշտոնապես և այսօր նույնպես հայտնում ենք:
Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որը, ընդ որում, կարող է ունենալ հյուսիսային ուղի, այսպես ասած՝ միջին ուղի և հարավային ուղի, որը, ինչպես տեսնում եք, նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար, և, ըստ էության, Հայաստանը «Խաղաղության խաչմերուկի» միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով:
Ընդ որում՝ մենք նույն խնդիրը և պատրաստակամությունը ցուցաբերում ենք նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու առումով և Հայաստան-Թուրքիա երկու ավտոճանապարհները՝ նախկինում գոյություն ունեցած, վերակառուցելու և վերաբացելու առումով, որը, կարծում ենք, էական ազդեցություն կունենա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև ընդհանրապես միջազգային տնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի, քաղաքական կապերի և ընդհանրապես գլոբալ անվտանգության հարցերի վրա»,- ասաց Փաշինյանը: